Շրջանավարտներ չկան, բայց ընդունելության քննություններ կանցկացվեն. Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ այս տարվա ընդունելության քննությունները լավ կանցնեն: «Պետք է լավ անցնի. ամեն տարի ընդունելության մակարդակը բարելավվում է, կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Այս տարի ոչ միայն բացառություն չի լինելու, այլև հակառակը` ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հակակոռուպցիոն ծրագիրը, որն արժանացել է վարչապետի հավանությանը, նաև իր մեջ ունի ընդունելության քննություններին վերաբերող բաղադրիչ»,- ասաց նախարարը:
Նա շեշտեց, որ ընդունելության քննությունների անցկացումը, Հանրապետական ընդունող հանձնաժողովի ձևավորումը հիմնականում վերապահված է Գնահատման և թեստավորման կենտրոնին: Նախարար Աշոտյանի խոսքով` այս տարի առաջին անգամ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաև ոչ պետական բուհերի ռեկտորներ, որովհետև առաջին անգամ է, որ ոչ պետական բուհերը նույնպես ընդունելություն են կազմակերպում միասնական կարգով:
Ինչպես հայտնի է, 12-ամյա կրթական համակարգին անցնելու պատճառով այս տարի դպրոցների շրջանավարտներ չեն լինելու: «Այս տարի չկան շրջանավարտներ, բայց ընդունելության քննություններ կազմակերպվում են Ջավախքի, Սփյուռքի, զորացրվածների, մտքափոխվածների՝ երկրորդ կրթություն ստանալու ցանկություն ունեցողների համար»,- նշեց կրթության և գիտության նախարարը:
1209 դիմորդ
Ընդունելության քննությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցեց նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանի հետ, որը տեղեկացրեց, որ այս տարվա ընդունելության քննությունների համար դիմել է 1209 դիմորդ, որոնց միջին տարիքը 19 է , իսկ 25 տարեկանից բարձր դիմորդների թիվը 57 է: «Մի հետաքրքրիր դեպք էլ ունենք. մի դիմորդ ունենք` 46 տարեկան»,- ասաց Մանուկյանը:
Մանուկյանի տեղեկացմամբ` այս տարվա դիմորդների գերակշիռ մասը քննություն կհանձնի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից: «Նրանց թիվը 609 է, 2-րդ տեղում է մաթեմատիկան` 544 դիմորդով, հետո անգլերենը` 365 դիմորդով, ապա ֆիզիկան` 294 դիմորդով: Դիմորդների գերակշիռ մասը Երևանից է, նրանց թիվը կազմում է 320, երկրորդ տեղում է Շիրակի մարզը` 143 դիմորդով, հետո Գեղարքունիքը 108 դիմորդով: 80 դիմորդ էլ կա ԼՂՀ-ից»,- ասաց կենտրոնի խոսնակը:
Նա դիմորդներին հիշեցրեց մայիսի 5-ից 30-ը ներկայանալ բուհեր` հայտարարագրվելու իրենց մասնագիտություններով: «Հակառակ դեպքում նրանք չեն կարողանա մասնակցել քննություններին»,- ընդգծեց Մանուկյանը:










