Հայտնաբերվել է Մոնա Լիզայի աճյունը. իտալական լրատվամիջոց
Իտալացի հետազոտողները, որոնք Ֆլորենցիայում պեղումներ են իրականացնում Լիզա Գերարդինի դել Ջոկոնդոյի՝ Լեոնարդո դա Վինչիի ենթադրյալ բնորդուհու աճյունը գտնելու նպատակով, նախօրեին հայտնաբերել են կմախք, որն ամենայն հավանականությամբ կնոջ է պատկանում։ Այդ մասին հայտնում է իտալական Ansa գործակալությունը։
«Սա միայն նախնական ենթադրություն է։ Ես չեմ կարող ասել, որ հայտնաբերված ոսկորները կնոջ են պատկանում»,- ասել է պեղումների մասնակիցներից մեկը՝ Բոլոնիայի համալսարանի մարդաբան Ջորջիո Գրուպիոնին:
Միևնույն ժամանակ, Իտալիայի մշակութային ժառանգության կոմիտեի ղեկավար Սիլվանո Վինչետին ՌԻԱ «Նովոստիին» ասել է, որ դեռ վաղ է խոսել կմախքի պատկանելության մասին, առավել ևս պնդել, որ գտնվածը 1542թ. 63 տարեկան հասակում մահացած Լիզա Գերարդինիի կմախքն է։ Միայն ԴՆԹ անալիզից հետո պարզ կլինի՝ արդյո՞ք դա նրա աճյունն է։ Պեղումներն իրականացվում են Սուրբ Ուրսուլա մենաստանի տարածքում։
Իտալացի գիտնականները ցանկանում են վերջապես սպառիչ պատասխան տալ այն հարցին, թե ով է իրականում եղել հայտնի նկարչի բնորդուհին կամ բնորդը։










