Samsung-ը չի վստահում Apple-ին
Samsung ընկերության փաստաբանները Apple ընկերությունից դատական կարգով պահանջել են իրենց ցույց տալ iPhone-ի ու iPad-ի հաջորդ մոդելները:
Samsung-ի ներկայացուցիչները դիմել են Կալիֆորնիա նահանգում գտնվող Սան-Խոսեի շրջանային դատարան` պահանջելով մինչև ընթացիկ տարվա հունիսի 13-ը իրենց ներկայացնել Apple-ի արտադրության iPhone 5, iPhone 4S, iPad 3-երի մեկական օրինակ` իրենց փաթեթավորմամբ: Samsung-ում կասկածում են, որ, Apple-ն իր նոր մոդելների որոշ դետալներ ընդօրինակել է իրենցից, հաղորդում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Samsung-ի դեմ նմանատիպ հայցով դատարան էր դիմել Apple-ը: Վերջինս Samsung-ից պահանջել էր ներկայացնել Galaxy S II, Infuse 4G և Droid Charge սարքավորումները: նախորդ շաբաթ դատարանը բավարարել էր Apple-ի հայցը` Samsung-ին պարտադրելով սարքավորումների մեկական օրինակ ներկայացնել 30 օրվա ընթացքում:
Երկու դեպքում էլ ենթադրվում է, որ սարքավորումներն ուսումնասիրվելու են միայն իրավաբանների կողմից, իսկ ինժեներներին հնարավորություն չի տրվելու տեսնել սարքավորումները:










