Microsoft-ը ներկայացրել է Windows 8-ը
Microsoft ընկերությունը ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում D9-ի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգը։ Այս մասին հաղորդվում է Microsoft-ի պաշտոնական կայքում։
Օպերացիոն համակարգի նոր տարբերակը կաշխատի ինչպես x86 համակարգիչների, այնպես էլ ARM հիշողության քարտերի վրա։ Windows-ի առաջատար մշակող Սթիվեն Սինովսկին հայտնել է, որ «պլանշետային» հավելվածները կարելի է տեղադրել նաև համակարգիչների մեջ, որոնցում կառավարումն իրականացվում է մկնիկի և ստեղնաշարի օգնությամբ։
Սինովսկին նաև նշել է, որ Windows 8-ը օպերացիոն համակարգի միայն պայմանական անվանումն է։ Իսկ թե ինչ անվան տակ այն դուրս կգա շուկա, առայժմ չի հաղորդվում։
Ընկերության տեղեկացմամբ՝ նոր ՕՀ-ի ինտերֆեյսը զգալի փոփոխություններ կկրի Windows 7-ի իտերֆեյսի համեմատությամբ։ «Start»-ի փոխարեն կօգտագործվի հավելվածների վիջետներով էկրան, ինչպիսին ունի Windows Phone 7-ի բջջայինի համար նախատեսված ՕՀ-ն։
Նոր ՕՀ-ի թողարկման ժամկետը չի հաղորդվում, սակայն Microsoft-ից տեղեկացրել են, որ պատրաստվում են Windows-ի նոր տարբերակներ թողարկել «2-3 տարին մեկ»։ Հաշվի առնելով, որ Windows 7-ը թողարկվել է 2009թ., ապա Windows 8-ին կարելի է սպասել 2012թ.։










