Գորայք գյուղում երեխաների համար պատի մեջ տեղադրվել է համակարգչային երկու տերմինալ

18:36 • 02.06.11

Մեկնարկել է այլընտրանքային կրթության նոր ձևաչափ առաջարկող «Մանկապատ» նախագիծը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախագծի գլխավոր գործընկերն է:

«Մանկապատ»-ը ոչ ֆորմալ կրթական նախագիծ է, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում առանց մեծահասակների անմիջական միջամտության, գիտելիքներ ձեռք բերել` անկախ իրենց տարիքից և դպրոցական ծրագրային նյութից: Այս մեթոդն առաջին անգամ փորձարկել և կիրառել է պրոֆ. Միտրան` Հնդկաստանի գյուղերում: Դրա արդյունքում նա աշխարհին ցույց է տվել ուսումնական գործընթացի զարմանալիորեն թարմ հեռանկարները:

«Մանկապատ» նախագծի շրջանակում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել է համակարգչային երկու տերմինալ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր:

«Մանկապատ»-ի նպատակն է Հայաստանում ներկայացնել նոր ձևաչափ. երեխաներին բաց խաղահրապարակի ձևով տրամադրել անսահմանափակ համակարգչային հասանելիություն` խթանելով նրանց ինքնուսուցման և բացահայտելու ունակությունները: Պիլոտային նախագծի արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Դրա արդյունավետության դեպքում նախատեսվում է նման ծրագիր մշակել հայաստանյան ևս 150 գյուղի երեխաների համար:

Ինտերնետ տերմինալները տեղադրվել են դրսում, որպեսզի դրանք երեխաներին հասանելի լինեն օրվա ցանկացած ժամի: Համակարգիչներում տեղադրված է հատուկ ծրագրային ապահովում, որը զտում և երեխաների համար արգելափակում է ռիսկային կայքերի մուտքը: Տերմինալների չվերահսկվող բնույթն ուսուցման ամբողջ պրոցեսը կենտրոնացնում է հենց սովորողի վրա, ինչն ուղղորդվում է երեխաների բնական հետաքրքրասիրությամբ: Ինտերնետ տերմինալը հետազոտելու այսօրինակ մեթոդը երեխաներին հնարավորություն է տալիս ձեռք բերել և զարգացնել «խնդիրների լուծման» և «կրիտիկական մտածելակերպի» հմտություններ: Այսպիսով, երեխան սովորում է օգտվել կրթական ծրագրից, իր մեջ զուգահեռաբար զարգացնելով ինֆորմացիայի վերլուծման, սինթեզավորման և գնահատման ունակությունները: Դրանք իրենց հերթին և նրան տալիս են երկարաժամկետ կրթության ունակություն:

Գորայք գյուղում երեխաների համար պատի մեջ տեղադրվել է համակարգչային երկու տերմինալ