Բյուրականի աստղադիտարանը կդիտարկի տիեզերական աղբը

11:48 • 03.06.11

2020-2030թթ. խիստ դժվար կամ անհնար է դառնալու դեպի տիեզերք նոր արբանյակներ արձակելը, քանի որ տիեզերքում մեծ արագությամբ պտտվող մասնիկները արդեն դառնում են գործող արկեր կամ փամփուշտներ, որոնք սպառնում են արբանյակներին։ Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Բյուրականի աստղադիտարանի՝ Ռուսաստանի աստղագետների հետ համագործակցությամբ իրականացվող «Տիեզերական աղբի դիտման և արձանագրման» ծրագիրը։

Աստղագետը նշեց, որ երկրի ուղեծրի շուրջ պտտվող մասնիկների միջին արագությունը 10 կմ/վ է, որը 10 անգամ ավելի մեծ է ատրճանակից արձակվող գնդակի արագությունից և 100 անգամ ավելի մեծ էներգիա է կրում նույն զանգվածի դեպքում, այսինքն՝ հասցնում է 1000 անգամ ավելի մեծ վնաս։

Նա նշեց, որ մոտավոր հաշվարկներում 6000տ մետաղ է պտտվում Երկրի շուրջ՝ 1500-1600կմ բարձրության վրա, ինչը «մի քանի կարգով շատ է տիեզերքից երկրին մոտեցող բնական մասնիկներից»։ Առավել մեծ քանակության մետաղ կա երկրորդ շերտում՝ 40 000 կմ վրա։

«Երկրորդ վտանգն անկումներն են. պարզապես անկումների վնասն ավելի քիչ է, քանի որ հիմնականում դրանք ընկնում են ոչ խիտ բնակեցված տարածքների վրա»,- նշեց նա։

Ծրագրի շրջանակում ռուսական կողմը մոտ 2 մլն դոլար կտրամադրի Բյուրականի աստղադիտարան նոր աստղադիտակներ բերելուն։ Աստղադիտարանի տնօրենի խոսքով՝ «դրանք փոքր դիտակներ են՝ հարմարեցված այս աշխատանքի համար»։ Ըստ նրա՝ արդեն որոշված են դիտակների տեղադրման վայրերը, և ենթակառուցվածքները պատրաստվում են։ Նաև մեծ դիտակների արդիականացման համար է աշխատանք տարվում։ Նախատեսվում է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչ հոկտեմբեր։

Բյուրականի աստղադիտարանը կդիտարկի տիեզերական աղբը