Իտալացի գիտնականները եվրոպական բանջարեղենը աղիքային վարակի աղբյուր չեն համարում
Իտալացի գիտնականները չեն կարողացել ապացույցներ ձեռք բերել, որ Եվրոպայում տարածված աղիքային վարակի աղբյուրը բանջարեղենն է: Հետազոտությունն անց է կացվել աղիքային վարակների հայտնաբերման Եվրամիության լաբորատորիայում, որը տեղակայված է Հռոմում:
Սննդում եվրոպական ծագման բանջարեղենների օգտագործման վախը գիտնականների կարծիքով օբյեկտիվ հիմքեր չունի:
Հիշեցնենք, որ աղիքային վարակի համաճարակը սկսվել է ընթացիկ տարվա մայիսին Գերմանիայում: Հունիսի սկզբին հիվանդության հետևանքով մահացած մարդկանց թիվը հասավ 17-ի, իսկ հիվանդության ծանր ընթացք է արձանագրվել մոտ 1500 մարդու մոտ:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ վարակի աղբյուրն Իսպանիայից ներկրված վարունգներն են: Հետո կասկածի տակ ընկան լոլիկները, ինչի հետևանքով մի շարք երկրներ արգելեցին Իսպանիայից բանջարեղենի ներմուծումը:










