Apple-ը երաժշտական նոր՝ iCloud ծառայություն է գործարկելու
Apple ընկերությունն ստացել է Universal Music ձայնագրման ընկերության համաձայնությունը iCloud ծառայության գործարկման շուրջ։
Ծառայությունը հնարավորություն կտա օգտատերերին պահպանել իրենց երաժշտական հավաքածուները հեռացված սերվերների վրա։ Թրեկեր մատչումը հնարավոր կլինի իրականացնել համակարգչի կամ iOS օպերացիոն համակարգ ունեցող բջջայինի միջոցով։
Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։ Ըստ Reuters-ի՝ Apple-ը պայմանագրեր է կնքել երաժշտական մի քանի ընկերությունների հետ։ Ենթադրվում է, որ iCloud ծառայությունը վճարովի է լինելու, բայց վճարի չափն առայժմ հայտնի չէ։ Google-ի ու Amazon-ի ավելի վաղ թողարկված երաժշտական ծառայություններն անվճար էին։
iCloud Apple ծառայությունը կներկայացվի հունիսի 6-ին մեկնարկելիք WWDC համաժողովի ընթացքում։ Հենց այդտեղ էլ կկայանա Mac OS X Lion-ի ու iOS 5-ի շնորհանդեսը։ Հայտնի է, որ համաժողովը բացելու է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը։










