Եվս մեկ հարձակում Sony-ի վրա. հաքերները պնդում են, որ 1 մլն գաղտնաբառ են ջարդել

10:44 • 03.06.11

Մի խումբ հաքերներ, որոնք իրենց անվանում են Lulz Security, պնդում են, թե իրենց հաջողվել է կոտրել Sony ընկերության խաղային ցանցը և գողանալ ավելի քան 1 մլն օգտատերերի գաղտնաբառեր, նրանց փոստային հասցեները և այլ անձնական ինֆորմացիա։

Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, խմբի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք մուտք են գործել այն սերվերները, որոնց վրա աշխատում է SonyPictures.com կայքը։

Sony ընկերությունը հաղորդել է, որ տեղյակ է այդ հայտարարության մասին և ներքին քննություն է անցկացնում։
Lulz Security խմբի կայքում տեղադրված հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրենց անդամները կոտրել են տվյալների բազայի պաշտպանության համակարգը, որտեղ Sony ընկերության հաճախորդների մասին անձնական ինֆորմացիան կոդավորված չի եղել։

«Մեզ հաջողվել է միայն մեկ բաց տեղից մատչում ստանալ ամբողջ ինֆորմացիային,- ասված է խմբի հայտարարության մեջ։- Ինչո՞ւ եք դուք այդքան վստահում մի ընկերության, որը ի վիճակի չէ պաշտպանել ձեզ ամենահասարակ վտանգից»։

Վերջին շրջանում Sony ընկերության վրա հաքերային հարձակումները հաճախակի են դարձել։ Ապրիլին մի խումբ հաքերներ կոտրեցին Sony PlayStation-ը և գողացան 77 մլն օգտատերերի տվյալներ։ Դա համարվում է ինտերնետի պատմության մեջ ամենամեծ հարձակումը։
 
 

Եվս մեկ հարձակում Sony-ի վրա. հաքերները պնդում են, որ 1 մլն գաղտնաբառ են ջարդել