Եթե պրեզենտացիան հետաքրքիր չլինի, կարելի է դուռը շխկացնել ու գնալ. մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2011»-ը
Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկեց «ԲարՔեմփ Երևան 2011» ոչ պաշտոնական կոնֆերանսը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների, օն-լայն մեդիայի ներկայացուցիչներ, սոցիալական ցանցերի ակտիվիստներ և բլոգերներ: Միջոցառումներ կազմակերպելու «ԲարՔեմփ» ձևաչափը հայտնի է նաև (չ)կոնֆորանս անվամբ:
Վաղ առավոտից միջոցառման մասնակիցները գրանցվում էին, որից հետո սկսեցին գրատախտակներին գրել այն թեմաները, որոնց շուրջ պատրաստվում են հանդես գալ ելույթներով: Չորս տարբեր դահլիճներում նրանք երկու օր հանդես կգան զեկույցներով և քննարկումներով։ Այս տարի միջոցառման թեման տարածաշրջանում և աշխարհում համացանցային տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի զարգացումներն են:
«ԲարՔեմփ Երևան 2011»-ին հրավիրված են նաև հատուկ հյուրեր՝ այդ թվում «Օպերա Սոֆթվեր» ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևլը, բլոգեր, «Սոուս» գործակալության կրեատիվ տնօրեն Դմիտրի Չերնիշևը, BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին:
Միջոցառման բացմանը ներկայացվեցին (չ)կոնֆերանսի կանոնները, որոնք ընդունվեցին ծափահարություններով: Օրինակ՝ բլոգեր Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ բարքեմփի կանոնների համաձայն՝ զեկուցողը պետք է լինի կիրթ և կարողանա «տեղավորվել» իրեն հատկացված ժամանակում: «Իսկ պրեզենտացիան լսողը, եթե դա իրեն հետաքրքիր չէ, կարող է անկիրթ լինել, և դուռը շխկացնել ու հեռանալ»,- հայտարարեց բլոգերը, ինչին լսարանը բուռն արձագանքեց:
«Օպերա Սոֆթվեր» ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևլը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բարքեմփական շարժումներին մասնակցելու մեծ փորձ ունի։ Նա առաջին անգամ է Հայաստանում և պատրաստվում է հանդես գալ հատուկ զեկույցով՝ ներկայացնելով զարգացման նախագծերն ու այն հնարավորությունները, որոնց հիմքով աշխատում է «Օպերա Սոֆթվերը»:
«Ես Հայաստանում եմ հենց այդ նպատակով, որ պատկերացում կազմեմ հայաստանյան ինտերնետային հասարակության, օն-լայն զարգացումների մասին: Ես ընդհանուր պատկերացումներ ունեմ Կովկասի մասին, և հույս ունեմ, որ պատկերացում կկազմեմ նաև Հայաստանի մասին»,- նշեց նա:










