Հայ գիտնականները տարբեր գործեր են անում՝ այդ միջոցներով իրենց գիտական աշխատանքը կատարելու համար

10:04 • 04.06.11

«Հայաստանում գիտությամբ զբաղվելը դարձել է բավականին բարդ, և այսօր գիտնականներն իրենց առօրյա հոգսերը հոգալու համար դպրոցում դաս են տալիս, ինչ-որ մեկի համար մաթեմատիկական ծրագիր են գրում, հրատարակչական գործ են անում, ով ինչ կարողանում է»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Փորձում են վաճառել այն, ինչ որ ունեն և ինչ վաճառվում է այսօր, քանի որ աստղագիտությունը լավ չի վաճառվում մեր սեղանիկների վրա։ Բնականաբար, դա բերում է նրան, որ մարդկանց ժամանակի զգալի մասն անցնում է պրոֆեսիոնալ աշխատանքից հեռու։ Իսկ գիտաշխատողը, գիտնականը, որպեսզի կարողանա նորմալ արդյունքներ ստանալ, պիտի անընդհատ մտածի այն գործերի մասին, որ անում է. ոչ միայն աշխատանքի ժամին, այլև՝ հանգստի, երբ տանը ինչ-որ բան է սարքում, երբ գիշերը պառկում է քնելու։ Այդ պահերին պիտի խնդիրները պտտվեն գլխի մեջ. հաճախ լուծումները գալիս են հենց էդ ժամանակ։ Եթե ուրիշ բաներով է զբաղված ուղեղը, նշանակում է, որ արդյունավտությունը էապես պակասում է»,- ասաց նա։

Ըստ Հարությունյանի՝ այս սկզբունքով են աշխատում ոչ միայն անհատապես գիտնականները, այլև գիտական հիմնարկները։ «Նրանք, որ ունեն ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, փորձում են, քիչ թե շատ շեղվելով գիտական ոլորտից, կատարել որոշակի աշխատանքներ, որ կարողանան կատարել իրենց գիտական աշխատանքները»,- նշեց նա՝ հաղորդելով, որ Բյուրականի աստղադիտարանի համար մի այդպիսի ընթացիկ աշխատանք է տիեզերական աղբի ուսումնասիրության՝ ռուսական գիտական կենտրոնների հետ նոր ձեռք բերված համագործակցության պայմանագիրը։

«Այսպիսի ծրագիրը լավ է, քանի որ աստղագետներին թույլ է տալիս վաստակել իրենց մասնագիտական աշխատանքը կատարելով՝ բարձրացնելով մասնագիտական ունակությունները, քիչ-շատ նորմալ աշխատավարձով երիտասարդ գիտնականներ ներգրավել նոր աշխատանքում»,- ասաց նա։
Հարությունյանը հիշեցրեց, որ հետախույզ արբանյակներ գտնելու ծրագրի հետ Բյուրականի աստղադիտարանը համագործակցում էր դեռ 70-ականներից, սակայն Խորհրդային Միության փլուզմամբ դա ընդհատվեց։ Հետագայում Տաջիկստանի Նուրեկ քաղաքի մոտ ստեղծվեց նման մի հետազոտական բազա, որն այսօր տնօրինում է Ռուսաստանը, այնպես որ «այս ոլորտում Ռուսաստանն առաջատար է»։

 

Հայ գիտնականները տարբեր գործեր են անում՝ այդ միջոցներով իրենց գիտական աշխատանքը կատարելու համար