Apple-ը ներկայացրել է թվային կյանքի նոր կենտրոնը (տեսանյութ)
Նախօրեին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում մեկնարկել է ծրագրային մշակման մասնագետների WWDC ամենամյա համաժողովը, որի ընթացքում ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է իր նորույթները` Mac OS X Lion գործառնական համակարգը, iOS 5 բջջային հարթակը և օգտագործողների տվյալների պահպանման համար նախատեսված iCloud ծառայությունը: Համաժողովը բացել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը:
Ընկերությունը առաջին հերթին ներկայացրել է Mac OS X Lion-ը, որը Mac OS գործառնական համակարգի թվով ութերորդ նորացված տարբերակն է: Lion-ն ունի ավելի քան 250 նոր գործառույթ և հավելվածային ծրագրավորման համար նախատեսված մոտ 3 հազ. համակարգային միջերես (ինտերֆեյս): Ընկերության ներկայացուցչի խոսքով` այսօր աշխարհում Mac համակարգիչներից օգտվում է ավելի քան 54 մլն մարդ, և նրանց թիվն անընդհատ աճում է: Ընդ որում` գնված Mac-երի 75%-ը նոութբուքներ են:
Lion համակարգը ներբեռնման համար հուլիսից հասանելի կլինի Mac App Store ինտերնետ խանութներում և կարժենա մոտ $30:
Հաջորդիվ Apple-ը ներկայացրել է բջջային սարքավորումների համար նախատեսված իր նոր գործառնական համակարգը` iOS 5: Այն ունի ավելի քան 200 նոր գործառույթ, որոնք iPhone, iPad և iPod touch օգտագործողներին հասանելի կլինեն այս աշնանը:
Ջոբսի խոսքով` նախկինում թվային կյանքի կենտրոնը անհատական համակարգիչներն էին, որտեղ պահվում էր ողջ մեդիա տեղեկատվությունը: Սակայն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ` ֆայլերը սկսել են պահվել ոչ միայն համակարգչում, այլև մի շարք սարքավորումներում: Ներկայում, Ջոբսի խոսքով, թվային կետրոն է դառնում «ամպը»` iCloud-ը:
iCloud ծառայության շնորհանդեսը WWDC-ի ամենասպասված իրադարձություններից մեկն էր: Այս ծառայությունը թույլ է տալիս օգտագործողների տվյալները պահել Apple-ի սերվերների վրա և ավտոմատ կերպով համակարգել բոլոր սարքավորումների (iPhone, iPad, iPod, Mac) ֆայլերը: iCloud-ի հավելվածները նոր տվյալները ավտոմատ կերպով ուղարկում են դեպի ծառայություն: Հատկանշական է, որ ծառայությունը անվճար է լինելու օգտագործողների համար: iCloud-ը գործարկելու համար պետք է միայն գրել Apple ID-ն և iOS 5-ի գաղտնաբառը:
Ըստ Ջոբսի` Apple-ը պատաստ է այն բանին, որ «օգտագործողները գնան դեպի iCloud-ը»:










