Հայտնի է դարձել Եվրոպայում E.coli-ի հարցուցած համաճարակի աղբյուրը
Եվրոպայում աղիքային ցուպիկի հարուցած համաճարակի պատճառը լոբազգիների սերմներն են: Այդ մասին այսօր հայտարարել է Գերմանիայի Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի նախագահ Ռայնհարդ Բուրգերը:
Նրա խոսքերով` սննդում լոբազգիներ օգտագործած մարդկանց մոտ վարակի նշանների արտահայտման հավանականությունն 9 անգամ ավելի մեծ է, հաղորդում է Reuters-ը:
Բուրգերը չի մասնավորեցրել, թե արդյո՞ք խոսքը որևե առանձին ֆերմայում աճեցված լոբազգիների մասին է:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի վերջին Համբուրգի հիգիենայի ինստիտուտը որպես վարակի աղբյուր նշել էր Իսպանիայում աճեցված վարունգը, սակայն հետագա հետազոտությունների արդյունքում այդ ենթադրությունը ժխտվել էր:
E.coli-ի յուրօրինակ շտամմի հարուցած համաճարակի հետևանքով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալներով Եվրոպայում մահացել են 27 մարդ, որոնցից 26-ը` Գերմանիայում, իսկ մեկը` Շվեդիայում:










