Հաքերների հերթական զոհն է դարձել ԱՄՀ-ն
Արժույթի միջագային հիմնադրամն (ԱՄՀ) այսօր խոստովանել է, որ մեկ ամիս առաջ հաքերները գրոհել էին իր կայքը:
Ըստ Reuters գործակալության, ԱՄՀ ներկայացուցիչ Դևիդ Հոուլին հայտարարել է, որ հարձակումը, որը մեծ հարված է հասցրել ԱՄՀ ցանցին, տեղի է ունեցել մինչև ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունը (վերջինս ձերբակալվել է նյույուրքյան հյուրանոցի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքով):
Անհայտ հաքերները ԱՄՀ ցանցում ծրագիր են տեղադրել, որը նրանց մատչում է ապահովել կազմակերպության ներքին տեղեկատվությանը: Հարձակման հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն:
ԱՄՀ-ի նկատմամբ հարձակմանը նախորդել են այնպիսի խոշոր ընկերությունների նկատմամբ հաքերային հարձակումները, ինչպիսիք են Google-ը, Sony-ն, Lockheed Martin-ը և Citigroup-ը:










