Facebook–ի բումը թուլանում է. լսարանի աճի տեմպերը կտրուկ դանդաղել են
Facebook սոցիալական կայքի լսարանի աճի տեմպերը կտրուկ դանդաղել են. արդեն երկրորդ ամիսն անընդմեջ ցուցիչների դինամիկան բացասական է։
Ինչպես հաղորդվում է Inside Facebook բլոգում, 2011թ. ապրիլին սոցիալական կայքում գրանցվել է 13,9 մլն նոր օգտատեր, մայիսին՝ 11,8 մլն։ Ավելի վաղ նոր գրանցված օգտատերերի թիվը ամսական հասնում էր 20 մլն-ի։
Վիճակագրության համաձայն՝ Facebook-ի շուրջ հետաքրքրությունը նվազել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում և Ռուսաստանում։ ԱՄՆ-ում սոցկայքից դուրս է եկել շուրջ 6 մլն. Ռուսաստանում՝ 100 հզ. մարդ։
Inside Facebook-ի հեղինակները նշում են, որ սոցցանցի լսարանի աճի դանդաղումը սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ, երբ կոնկրետ երկրի օգտատերերի 50%-ը գրանցվում է սոցկայքում։ Դրա փոխհատուցումը կատարվում է նոր տարածաշրջաններ ընդգրկելու միջոցով. մայիս և հունիս ամիսների տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի թիվը արագ աճում է Մեքսիկայում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում։
Facebook-ը աշխարհի ամենահայտնի սոցիալական կայքն է։ 2011թ. սկզբին Inside Facebook Gold-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի թիվը հասնում էր 687մլն-ի։










