ԵՊՀ ուսանողները պահանջում են անվճար WiFi
Երիտասարդ ակտիվիստ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ անցկացվում է ստորագրահավաք՝ ԵՊՀ տարածքում ուսանողներին և համալսարանի ամբողջ անձնակազմին անլար ինտերնետ տրամադրելու խնդրանքով։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ուղղված բաց նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ պրն. Սիմոնյան,
Մենք՝ ԵՊՀ ուսանողներս հայտնում ենք մեր դժգոհությունը առ այն, որ ինչպես մենք, այնպես էլ ԵՊՀ ողջ անձնակազմը, հնարավորություն չունենք ԵՊՀ տարածքում անվճար կերպով օգտվելու անլար ինտերնետի ծառայությունից, որը ներկա պահին մատուցվում է վճարովի քարտերի միջոցով:
Ինչպես նշված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի (ընդունվել է 14.12.2004) 17 հոդվածի 3 կետի 5 ենթակետում, մենք իրավունք ունենք. «անվճար օգտվելու բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարաններից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք ԵՊՀ ամբողջ տարածքում ապահովել անվճար անլար ինտերնետ, ինչը մեզ թույլ կտա անվճար կերպով օգտվել ԵՊՀ համար հասանելի ինտերնետային վճարովի գրադարաններից»:
Ստորագրահավաքին առայժմ մասնակցել է 46 մարդ։ Դրան միանալու համար պարզապես անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հասցեում՝ http://www.change.org/petitions/free-wifi-internet-at-ysu?










