Իտալիացիները «ոչ» ասացին նաև Բեռլուսկոնիի ատոմակայաններին
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, համաժողովրդական հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 95%-ը դեմ է քվեարկել վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ երկրում ատոմային էներգիան վերականգնելու ծրագրերին։ Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 57%-ը։
Իտալիան առաջին երկիրն է, որտեղ ճապոնական «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի վթարից հետո անցկացվել է նման հանրաքվե։
1987թ. Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո Իտալիայի քաղաքացիներն արդեն մեկ անգամ հրաժարվել էին ատոմային էներգիայից։ Սակայն 2009թ. Բեռլուսկոնիի վարչակազմն առաջարկեց կառուցել նոր ատոմակայաններ՝ տեղական արտադրության էներգամատակարարումը բավարար չափով ապահովելու համար։










