Կենդանի բջիջը` թույլ լազերի հատկություններով

20:05 • 14.06.11

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի համալասարանական հիվանդանոցի ֆիզիկոսներին հաջողվել է կենդանի բջիջը լազերի վերածել։

Գիտնականներն իրենց փորձում երիկամի բջիջներ են օգտագործել՝ դրանց ԴՆԹ-ում «կանաչ ֆլուորեսցենտ սպիտակուց» (GFP) ներդնելով։ Արդյունքում բջիջները սկսել են մեծ քանակությամբ GFP -ն սինթեզել։ GFP-ը կանաչ լույս է արձակում, երբ այն ճառագայթահարում են կապույտ լույսով։ Այդ սպիտակուցը մեծ պահանջարկ ունի կենսաբանական հետազոտություններում, քանի որ դրա օգնությամբ կարելի է տարբեր բջջային կառուցվածքներ մյուսներից առանձնացնել գունավորմամբ և հետևել դրանց կենսագործունեությանն ու բազմացման արագությանը։

Բջիջները, որոնց հետ աշխատել են գիտնականները, գնդաձև են, ինչի շնորհիվ ճառագայթները հավաքող ոսպնյակի դեր են կատարում։

Մասնագետները բջիջները երկու ապակիների միջև են տեղադրել (դրանց միջև հեռավորությունը, համապատասխանաբար, մոտ 20 միկրոմետր է եղել), որպեսզի նվազեցնեն ճառագայթման տարածումը, ապա դրանք կապույտ լույսով ճառագայթահարել են։ Արդյունքում գիտնականները կանաչ գույնի լազերային ճառագայթման հոսանք են ստացել։

Դեռևս պարզ չէ, թե հատկապես ինչպես է հնարավոր ստացված արդյունքը գործնականում կիրառել։ Տեսականորեն լազերային ճառագայթման աղբյուրները շատ մեծ պահանջարկ ունեն մարդու օրգանիզմին վերաբերող բժշկակական հետազոտություններում, սակայն ֆունկցիոնալ փոփոխություններ կրած երիկամի  բջիջների ճառագայթած լազերային հոսքը շատ թույլ է այդ նպատակով օգտագործելու համար։

 

 

Կենդանի բջիջը` թույլ լազերի հատկություններով