Հաքերները կոտրել են Սենատի ներքին ցանցը
Lulz Security կոչվող հաքերների խումբը հայտարարել է, որ կոտրել է ԱՄՆ Սենատի ներքին ցանցը։ Այս մասին նրանք հայտնել են իրենց կայքում տեղադրած հաղորդագրությամբ։ Հաքերները հրապարակել են ֆայլերի երկար մի ցուցակ, որը ենթադրաբար գողացվել է Սենատի սերվերից։ Ընդ որում, նրանք հայտնել են, որ սա միայն իրենց ստացած ներքին տվյալների փոքր մասն է։
«Մեզ բոլորովին դուր չի գալիս ամերիկյան կառավարությունը։ Նրանց նավերը թույլ են, հումորները ծիծաղելի չեն, իսկ կայքերը այնքան էլ լավ պաշտպանված չեն»,- հայտարարել են հաքերները։
Սենատի ներկայացուցիչը, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հաստատել է այդ տեղեկատվությունը և նշել, որ Կոնգրեսի համակարգիչների անվտանգության ծառայությունը անցկացնում է դեպքի հետաքննություն։
Կիբերանվտանգության ծառայությունից նշել են, որ հաքերների հասցրած վնասն աննշան է, և Սենատի ներքին ցանցում պահվող տվյալները բավականաչափ պաշտպանված են։
Ավելի վաղ Lulz Security հաքերների խումբը հարձակումներ էր գործել Sony կորպորացիայի և InfraGard ընկերության վրա, ինչպես նաև կոտրել PBS հեռուստաընկերության կայքը, երբ վերջինիս հեռուստաեթերով ցուցադրվել էր WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին քննադատող ֆիլմ։










