Մարդու կղանքը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուր

22:13 • 16.06.11

Բիլ Գեյթսի ֆոնդը Գանայում ֆինանսավորում է մի ծրագիր, որով նախատեսվում է մարդու կենսագործունեության արգասիքները՝ կղանքը վերածել կենսադիզելային ու մեթանային վառելիքի:

Ծրագիրը, որը Գեյթսի ֆոնդից ստացել է 1,5 մլն դոլարի դրամաշնորհ, իրականացնում է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Կարտիկ Չանդրանը՝ Waste Enterprisers-ի հետ համատեղ:

Գեյթսի ֆոնդի ներկայացուցիչները հավաստիացնում են, որ մարդու կղանքը հանդիսանում է «բարձր էներգետիկ արժեք ունեցող խտացված օրգանական նյութ»:

«Չանդրանն ու նրա գործընկերներն ուսումնասիրում են մարդու արտաթորանքի օրգանական բաղադրիչները օգտակար վառելանյութի վերածելու հնարավորությունը»,-ասել է ֆոնդի ներկայացուցիչ Գրեգորի Լեմբը՝ հավելելով, որ դա ոչ միայն այլընտրանքային էներգիայի աղբյուր կարող է լինել, այլև՝ կկանխի շրջակա միջավայրում տարբեր վարակների աղբյուր հանդիսացող կենսագործունեության արգասիքների արտանետումը:

Գեյթսի ֆոնդի տվյալներով՝ զարգացող երկրների բնակչության կեսը (մոտ 2,5 մլրդ մարդ) սանիտարահիգիենիկ հարմարությունների հնարավորություն չունի, հաղորդում է Inopressa-ն:

«1,2 մլրդ մարդ իրականացնում է «բաց արտաթորում», այսինքն՝ նրանք ընդհանրապես սանիտարական հարմարություններ չունեն, իսկ 1,3 մլրդ մարդ օգտվում է ոչ անվտանգ հարմարություններից»,-ասված է մասնագետների զեկույցում:
 

Մարդու կղանքը՝ այլընտրանքային էներգիայի աղբյուր