Երևանում արդեն շրջում են Wi Fi ավտոբուսներ (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի և Orange Armenia ընկերության նախաձեռնությամբ երևանյան մի շարք ավտոբուսներում մեկնարկեց անվճար Wi Fi ինտերնետ կապի տրամադրման ծրագիրը։
«Սա առայժմ պիլոտային ծրագիր է, և եթե դրական արդյունք ապահովվի, ինտերնետով կապահովվեն քաղաքի արդեն բոլոր ավտոբուսները։ Իսկ ծրագրի արդեն երրորդ փուլով նախատեսվում է անվճար կապը հասանելի դարձնել մարդաշատ կանգառներում և պուրակներում»,–լրագրողներին պատմեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Արա Յաղջյանը։
«Մեր կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիները միջինը 1 ժամ անց են կացնում հենց հասարակական տրանսպորտում, և ավտոբուսներում անվճար ինտերնետի տրամադրման ծրագիրը ավտոբուսից օգտվելը կդարձնի առավել հարմարավետ»,– հավելեց նա։
Ըստ Orange Armenia–ի ներկայացուցիչի՝ տեղադրված մոդեմը հնարավորություն կտա ավտոբուսում շարժական Wi Fi ապահովող միանգամից 5 սարքերի միացում։
«Ինտերնետ կապով համալրված ավտոբուսները կարելի է ճանաչել «Orange Armenia Wi Fi» նշանով։ Կապի արագությունը կախված կլինի նրանից, թե որ փողոցում է ավտոբուսը, և քանի մարդ է միաժամանակ օգտվում կապից։ Եթե 5 միաժամանակյա միացում լինի, կապահովվի 500 Կբ/վ–ից մինչև 1 Մբ/վ արագություն»,–նշեց նա ։
Orange Armenia ընկերության տնօրեն Բրունո Դյութուան էլ հայտարարեց, որ այս ծրագրով Երևանը կդառնա աշխարհում առաջին քաղաքներից մեկը, որն ավտոբուսներում կունենա ինտերնետ կապ։
«Սա հնարավորություն կտա երիտասարդ ուղևորներին ավելի հետաքրքիր դարձնել ուղևորության ժամանակահատվածը և մյուս կողմից էլ այն համահունչ է մեր փիլիսոփայությանը՝ ինտերնետը դարձնել հասանելի բոլորի համար»,–հավելեց Orange Armenia–ի տնօրենը։
Փորձնական ծրագրով ինտերնետ կապ կապահովվի Երևանի համար 3,15,16, 22 և 28 ավտոբուսներում։










