Գիտնականներն առաջին անգամ ֆիքսել են աստղի կլանումը սև խոռոչի կողմից
Ամերիկացի աստղագետներն առաջին անգամ ֆիքսել են, թե ինչպես է «սև խոռոչը» կլանում աստղը։ Գիտնականներն ասում են, որ նման դեպքեր գալակտիկայում 100 միլիոն տարին մեկ են տեղի ունենում։ Ամերիկացի մասնագետներին հաջողվել է հետևել, թե ինչ է տեղի ունենում այն աստղի հետ, որն «անզգուշաբար մոտենում է» «սև խոռոչին». վերջինիս տիեզերական ձգողականությունն աստղը մասերի է բաժանում՝ այդպիսով ճառագայթման հզոր բռնկում առաջացնելով։
Եզակի այդ դեպքը գիտնականները ֆիքսել են տիեզերական Swift գամմա– աստղադիտակի միջոցով։ Դեռևս մարտի 28–ին գիտնականները Վիշապի համաստեղությունում գամմա –ճառագայթների բռնկում էին արձանագրել, սակայն այդ ժամանակ կարծել էին, որ դա աստղի սովորական կոլապսի հետևանք է։ Միայն այժմ են նրանք հասկացել, որ դա «սև խոռոչի» կողմից աստղի կլանում է եղել։
Գիտնականներն ասում են, որ «սև խոռոչը» գալակտիկայի կենտրոնում է գտնվում՝ երկրից մոտ 4 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա։










