Մոցարտը մահացել է վիտամին D-ի պակասից
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հռչակավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի թույլ առողջության պատճառը ինքնամփոփ կենսակերպն է եղել, ինչի հետևանքով նա, հազվադեպ լինելով արևի ճառագայթների ներքո, վիտամին D-ի քրոնիկ անբավարարություն է ունեցել, հաղորդում է Newsmake-ը:
Վիտամին D-ի պակասը, որն օրգանիզմում սինթեզվում է արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, մեծացնում է սիրտ-անոթային, նյարդային ու հենաշարժիչ համակարգերի հիվանդությունների առաջացման հավանականությունը: Այդ կարևոր նյութի անբավարարությունն իջեցնում է նաև օրգանիզմի դիմադրողականությունը:
Մոցարտը ծնվել է Զալցբուրգում, որտեղ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ վիտամին D-ի սինթեզը տարվա 6 ամիսներին անհնարին է՝ ելնելով տեղանքի բնակլիմայական պայմաններից: Բացի այդ, երաժիշտը անընդհատ աշխատել է փակ տարածքներում և օրերով դուրս չի եկել իր աշխատավայրից : Արդյունքում 6 տարեկանից նա տառապել է մի շարք քրոնիկ հիվանդություններով՝ տոնզիլիտով, բրոնխիտով ու ռևմատիզմով:
Գիտնականները պնդում են, որ ավելի երկար ապրելու համար հռչակավոր երաժիշտը պետք է ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 10-20 րոպե անցկացներ արևի տակ՝ մերկացնելով իր մարմնի ընդամենը 20-30 տոկոսը:










