Ինչո՞ւ Հայաստանում չեն ծնվում Facebook, Twitter, Google ստեղծող երիտասարդներ

17:11 • 04.07.11

Վերջին տարիներին Հայաստանում համացանցային լրատվամիջոցների թիվն աճում է, բայց մատուցված տեքստերում լուրջ խնդիրներ կան՝ կապված գրագիտության, հայերեն շարադրանքի, ինչպես նաև լրագրողական ունակությունների հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգ» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Ըստ նրա՝ չնայած համացանցային լրատվամիջոցները շատանում են, դաշտում առկա է մասնագետների, որակյալ կադրերի պակաս։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետի դիտարկմամբ՝ հայկական օնլայն լրատվամիջոցներում կա նաև տեղեկատվությունը տեղ հասցնելու, աղբյուրների նկատմամբ քննական մոտեցում ցուցաբերելու խնդիր։

Հյուսիսային Կարոլինայում ապրող «Հարեյան փաբլիշինգ» լրատվական ընկերության ղեկավար Արմեն Հարեյանը նույնպես կարծում է, որ հայկական համացանցային լրատվամիջոցներում պրոֆեսիոնալիզմի պակաս կա։ Նրա խոսքով՝ հայկական լրատվամիջոցները չպետք է մրցեն միայն հարևանների հետ, այլ պետք է մրցակցեն համաշխարհային հեղինակավոր և կայացած լրատվամիջոցների հետ։

Հարեյանի դիտարկմամբ՝ հայկական շուկան բավական փոքր է և միջազգային շուկա ներթափանցելու համար հարկավոր են նոր լուծումներ, նոր փոփոխություններ կատարել։ Միջազգային համացանցում հայտնվելու և առավել կարդացված ու շահութաբեր դառնալու համար նա հայկական համացանցային բոլոր լրատվամիջոցներին խորհուրդ տվեց անպայման ներկայացված լինել «Գուգլ» և «Բինգ» աշխարհահռչակ որոնողական համակարգերում։ «Մեր մամուլը պետք է մտածի եկամտաբերությամբ աշխատելու մասին»,– հայկական լրատվամիջոցներին խորհուրդ տվեց Հարեյանը՝ ավելացնելով, որ պետք չէ սպասել դոնորների կամ հովանավորների աջակցությանը։

Նա նշեց, որ աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցները լսարանին իրենց տեղեկատվությունը հասանելի են դարձրել նաև հեռախոսների միջոցով։ Կարեն Վրթանեսյանը Հարեյանին տեղեկացրեց, որ հայաստանյան օնլայն լրատվամիջոցների շուկայում Tert.am–ն արդեն հասանելի է Android համակարգերի միջոցով։

Հարեյանը տեղական լրատվամիջոցներին մեկ խորհուրդ էլ տվեց՝ ներմուծեք «լայֆ բլոգ»–ի կուլտուրան, այն շատ մեծ լսարան կապահովի։

«Ինչո՞ւ Հայաստանում չեն ծնվում Facebook, Twitter, Google ստեղծող երիտասարդներ»,– տարակուսեց Հարեյանն ու առաջարկեց երիտասարդներին հետևել զարգացումներին և նախաձեռնող լինել։

«Ամեն լրագրող պետք է ունենա իր բլոգը»,– իր հերթին առաջարկեց Կարեն Վրթանեսյանը՝ կարծիք հայտնելով, որ սեփական բլոգ ունենալը կբարձրացնի լրագրողների աշխատանքի որակը։
 

Ինչո՞ւ Հայաստանում չեն ծնվում Facebook, Twitter, Google ստեղծող երիտասարդներ