Պետք է արգելել 7-9-րդ դասարանների հայերենի դասագրքերի մուտքը դպրոց. լեզվաբան

14:59 • 05.07.11

Պետք է արգելել 7-9-րդ դասարանների հայերենի դասագրքերի մուտքը դպրոց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ ավելացնելով, որ այս տարի հայտարարված դասագրքերի մրցույթում ընտրված հիշյալ դասագրքերն «իսկապես մերժելի են»:

«Այս տարի Կրթության և գիտության նախարարությունը գնաց և նախիրի միջից էշի ճակատը պաչեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ առնվազն ծիծաղելի է կրթության և գիտության նախարարի այն հայտարարությունը, թե մրցույթում ընտրվել են լավագույն դասագրքերը: Գյուրջինյանի խոսքով՝ հիմա ընտրված այդ դասագրքերը «մի քսան հոգի փորձում է խելքի բերել», սակայն, իր համոզմամբ, դա հնարավոր չէ անել:

Գյուրջինյանի խոսքով՝ օրինակ յոթերորդ դասարանի հայերենի գրքում աշակերտներին ծանոթացնում են «գորտակնյունազգիներ» բառի հետ: «Սա ճահճային մտածողության դրսևորում է, և այսպիսի գիրքը մատուցվում է յոթերորդ դասարանի երեխային: Ինչի՞ համար, որ զզվեցնե՞ն, հիասթափեցնե՞ն»,- ասաց նա: Լեզվաբանի խոսքով՝ ընտրված հայերենի դասագրքերում հաջող է միայն պրոֆեսոր Բարսեղյանից վերցրած հատվածը: Գյուրջինյանը մեղադրեց ընտրված գրքերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանին՝ նշելով, թե «քննությունների հերը անիծեց, հիմա էլ անցել է ուսումնական գործընթացին»:

Գյուրջինյանը նաև տեղեկացրեց, որ իր դժգոհությանը նախարարությունը հակադարձել է, թե իր հեղինակած դասագիրքը պարտվել է, դրա համար է ինքը դժգոհում: Լեզվաբանը սակայն շեշտեց, որ 5-6-րդ դասարանի իր հեղինակած դասագրքերը հաղթել են, և դժգոհության պատճառը պարտությունը չէ: Մասնագետը նաև իմացել է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը դրական կարծիք ունի իր մասին: «Ես երջանիկ եմ, որ նախարարը իմ նկատմամբ դրական վերաբերմունք ունի»,- կատակեց Գյուրջինյանն՝ ավելացնելով, որ դրական վերաբերմունքը կապ չունի գրքերի որակի հետ։

Պետք է արգելել 7-9-րդ դասարանների հայերենի դասագրքերի մուտքը դպրոց. լեզվաբան