Մարդը կարող է ապրել հավերժ. բրիտանացի գիտնական

20:59 • 06.07.11

Ծերությունը կարելի է հաղթահարված համարել. մարդը, ով պետք է ապրի 150 տարի, արդեն ծնվել է, իսկ 20 տարի անց կծնվի նա, ով առաջինը կապրի 1000 տարի: Այդ մասին հայտարարել է բրիտանացի հայտնի հերոնտոլոգ Օբրի Դը Գրեյը:

Նրա խոսքերով՝ ապագայում բժիշկները մարդկանց պարբերաբար «տեխնիկական ծառայություն» կմատուցեն, որն իր մեջ կներառի գենային թերապիա, ցողունային բջիջների փոխարինում, իմունոստիմուլյացիա և մի շարք այլ բարդ բժկական միջոցառումներ, որոնց շնորհիվ էլ մարդիկ կպահպանեն իրենց առողջությունն ու երկարակեցությունը:

Հերոնտոլոգը նաև հիշեցրել է, որ ծերությունը բջջային ու մոլեկուլյար մակարդակներում տարատեսակ խեղումների կուտակում է, որոնք մարդու օրգանիզմում տեղի են ունենում ողջ կյանքի ընթացքում: Բավարար է վերացնել այդ խեղումները, և մարդը կարող է շատ երկար ապրել:

Թեև գիտնականների մի մասը Դը Գրեյի արտահայտած մտքերը համարում են անիրականանալի, սակայն արդեն այսօր հնարավոր է դարձել ցողունային բջիջների աճեցումը, որի մասին խոսում է գիտնականը:

Ըստ Դը Գրեյի՝ մարդը տեսականորեն կարող է ապրել հավերժ:

 

Մարդը կարող է ապրել հավերժ. բրիտանացի գիտնական