Ամերիկացի սպան ահաբեկիչների տեղորոշման հավելված է մշակել
ԱՄՆ բանակի կապիտան Ջոնատան Սփրինգերն iPhone-ի համար մշակել է հավելված, որը կօգնի ամերիկացի զինվորներին որոշել տալիբների գտնվելու վայրը։
Ինչպես հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն, ֆոտոխցիկի, կողմնացույցի և GPS քարտի միջոցով հավելվածը կորոշի այն վայրի ճիշտ կոորդինատները, որտեղից հակառակորդը կրակ է արձակում։
Հավելվածը կոչվում է Tactical Nav։ Սփրինգերի խոսքերով՝ ծրագիրն աշխատում է շատ հստակ, նա այն մշակել է հատուկ զինվորների համար և անձամբ է փորձարկել՝ գտնվելով Աֆղանստանում։ Ծրագիրը թույլ է տալիս անմիջապես ստացված տվյալներն ուղարկել հրամանատարական կենտրոն՝ արագ օդային հարված հասցնելու համար։
Սփրինգերը պատմում է, որ նման հավելված ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է այն բանից հետո, երբ երկու տարի առաջ տալիբները սպանել են իր երկու ընկերներին։
Հեղինակը փորձել է վաճառել ծրագիրը Պենտագոնին, սակայն զինվորական հրամանատարությունը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել։










