Մեկնարկել է Mobile-Health Solution պիլոտային ծրագիրը

13:39 • 07.07.11

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել է հուլիսի 7-ին, 8-ին և 9-ին Երևանի բժշկական համալսարանում կայացած 3-րդ համաշխարհային կոնգրեսի գլխավոր հովանավորությունը: Կոնգրեսի անցկացման օրերին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը և ԵԲՀ-ն ներկայացրել են Mobile-Health Solution նորարական լուծումը, որի հիմքում Ericsson ընկերության M-Health անլար տեխնոլոգիան է: Վերջինիս նպատակն է ստեղծել նոր կատարելագործված միջոցներ բնակչության համար առողջապահական ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:

M-Health տեխնոլոգիան առավել հաճախ կիրառվում է բջջային հաղորդակցման սարքերի հետ` զգալիորեն նպաստելով որակյալ առողջապահական ծառայությունների ապահովմանը: Առաջին անգամ Հայաստանում նման հնարավորությունները հասանելի են դառնում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շնորհիվ:

Այս լուծումը թույլ է տալիս բժշկին հեռավորության վրա հսկողություն սահմանել հիվանդի առողջության հանդեպ: Հիվանդը հնարավորություն է ստանում բժշկական հետազոտություն անցնել տնային պայմաններում և ցանկացած պահի բժշկին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցի միջոցով ուղարկել իր առողջական վիճակի մասին տեղեկությունները` բուժաշխատողի կողմից շարժական հատուկ սարքավորումների միջոցով դրանք վերլուծելու համար:

Այս լուծումն ապահովում է հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկանալու հարմարավետ և արագ տարբերակ: ԵԲՀ-ի հետ համագործակցության շրջանակներում սարքավորումը փորձնական շահագործման մեջ կդրվի սեպտեմբերին:

Զարգացած երկրներում այս տեխնոլոգիան լայնորեն կիրառվում է` թույլ տալով ապահովել առողջապահական ծառայությունների և տեղեկատվության առավել հասանելիություն, ինչպես նաև կատարելագործել հիվանդությունների ախտորոշման և վերահսկման հնարավորությունները համապատասխան ծառայություն մատուցողների համար: M-Health տեխնոլոգիան ունի դեռևս չիրականացված զգալի ներուժ` առողջապահության ոլորտում գլոբալ մարտահրավերներին դիմակայելու առումով:

Կոնգրեսի ընթացքում հայաստանցի և արտասահմանցի մասնագետներն անդրադարձել են առողջապահական ոլորտի մի շարք խնդիրների: Կազմակերպվել են նեղ մասնագիտական քննարկումներ:

Մեկնարկել է Mobile-Health Solution պիլոտային ծրագիրը