Կերակուրի փայտիկը 11 տարի մնացել է չինացու աչքում
Չինացի ակնաբույժներն իրենց դիմած մի կնոջ աչքում պատահաբար հայտնաբերել են ուտելու ընթացքում օգտագործվող փայտիկ:
Ցի Յանը դիմել է բժիշկներին՝ գանգատվելով իրեն անհանգստացնող աչքի ինֆեկցիայից: Հետազոտության ընթացքում ակնաբույժը հիվանդի աչքում օտարածին մարմին է նկատել, ինչից հետո նրան հետազոտել են համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կնոջ աչքում առկա է ավելի քան 5 սմ երկարությամբ պլաստիկ նյութից պատրաստված մարմին:
Վիրաբուժական միջամտության շնորհիվ օտարածին մարմինը հեռացվել է հիվանդի աչքից: Բժիշկների խոսքերով՝ նրա տեսողությունը չի վնասվել այն բանի շնորհիվ, որ փայտիկը տեղակայված է եղել ակնագնդի ու ակնակապճի պատի միջև, հաղորդում է Корреспондент-ը:
Հիվանդը հետագայում հիշել է, որ վնասվածքը ստացել է 11 տարի առաջ, երբ կորցնելով հավասարակշռությունը՝ ընկել է կերակուրներով լի սեղանի վրա:










