Google Plus–ի օգտատերերի թիվն անցել է 10 միլիոնը
Google plus սոցիալական ցանցում արդեն 10 միլիոն մարդ է գրանցված։ ՌԻԱ–Նովոստի–ի տեղեկացմամբ, այդ մասին ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը։ Նրա խոսքով, դեռևս թեստավորման փուլում գտնվող կայքին երկու շաբաթում միացել են «միլիոնավոր մարդիկ»։
Հիմա օգտատերերն օրական միլիարդավոր հաղորդագրություններ ու հղումներ են փոխանակում։ Շմիդտի խոսքով սոցցանցը ստեղծելիս իրենց նպատակը դյուրին ու «բնազդային հասկանալի» արտադրանք տալն է եղել։
Google–ում մեկ այլ կարևոր ձեռքբերում են համարում Անդրոիդ համակարգով սարքերի օրական 550 հազար ակտիվացումը, ինչի շնորհիվ այդ օպերացիոն համակարգը ամրապնդվել է սմարթֆոնների շուկայի առաջատարի դիրքում։
Աճել է նաև Google Chrome բրաուզերից օգվողների թիվը և արդեն գերազանցում է 150 միլիոնը ամբողջ աշխարհում։










