Երևանի փողոցներում ռոբոտներ կցուցադրվեն
Երևանի փողոցներում հուլիսից կցուցադրվեն Հայաստանի ռոբոտների բաց առաջնությանը (ԱրմՌոբոտիքս)-ին մասնակցած ռոբոտները: Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում համապատասխան ժամանակացույցով`
• Շ. Ազնավուրի անվան հրապարակ - հուլիսի 19, ժամը 19:00
• Թումանյանի անվան այգի – հուլիսի 22, ժամը 19:00
• Ազատության հրապարակ – օգոստոսի 5, ժամը 19:00
• Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի – օգօոստոսի 12, ժամը 19:00
• «Սիրահարների» զբոսայգի – սեպտեմբերի 1, ժամը 19:00
Այս մասին տեղեկանում ենք ցուցադրությունը նախաձեռնած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ ակցիայի նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան:
«Առաջնության միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները, ակումբները, խմբակները, ցուցադրությունները լավագույն միջոցներն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։










