Google Traffic-ի միջոցով կարելի է տեղեկանալ ճանապարհային խցանումների մասին

18:39 • 16.07.11

Նախօրեին Google ընկերությունը հայտարարել է, որ այսուհետ Google Traffic ծառայությունը կգործի 13 երկրներում:

Ծառայությունը գործում է Google Maps ծրագրի հիմքի վրա և ցույց է տալիս փողոցների ծանրաբեռնվածության մակարդակը, ինչի շնորհիվ հնարավոր է կանխատեսել ճանապարհային խցանումները: Վերջիններս քարտեզի վրա նշված են հատուկ գույնով: Ընդգծված են նաև թույլատրելի արագության սահմանված չափը, տարբեր նախազգուշացնող նշաններ, հաղորդում է Mignews-ը:

Ճանապարհներում տիրող վիճակի մասին տեղեկատվությունը թարմացվում է 5-10 րոպեն մեկ անգամ: Բացի այդ, օգտատերերը հնարավորություն ունեն ծանոթանալ որոշակի հստակ ժամանակահատվածում խցանումների ու ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությանը, ինչը հնարավորություն է ընձեռում նախօրոք պլանավորել երթուղին:

Ծառայությունը հասանելի է նաև սմարթֆոնների համար: Այս պահին այն գործում է Ավստրիայում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Սլովակիայում, Դանիայում, Իսպանիայում, Շվեդիայում ու Իսրայելում:


 

Google Traffic-ի միջոցով կարելի է տեղեկանալ ճանապարհային խցանումների մասին