Գիտական կազմակերպությունների ֆինանսական ոլորտներում խախտումներ են հայտնաբերվել

16:47 • 18.07.11

Այս տարի ապրիլ-հունիս ամիսներին առաջին անգամ մոնիթորինգի են ենթարկվել գիտական կենտրոնները։

Ինչպես այսօրվա ասուլիսին տեղեկացրեց ԿԳՆ գիտական պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, 6 ծրագրի մասով մոնիթորինգն իրականացվել է 3 գիտական կազմակերպությունում, որոնցից ԵՊՀ-ում՝ 4 ծրագիր, ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոնում (ԲԿՄՀՈՒԿ)՝ 1 ծրագիր և ԳԱԱ «Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստադիտարան» ՊՈԱԿ-ում՝ 1 ծրագիր։ «Բացահայտվել են թե իրավական, թե տնտեսական բնույթի խախտումներ»,- տեղեկացրեց Հարությունյանը։

Նա հաղորդեց, որ ԲԿՄՀՈՒԿ-ը ստացել է 9 մլն-ից ավելի ֆինանսավորում, սակայն ստուգման պահին ծախսած է եղել ավելի քան 1 միլիոնը, «այսինքն՝ գումարը ստացել են, բայց չեն ծախսել, իսկ մնացած միջոցների առումով տեղի է ունեցել պետական միջոցների ոչ նպատակային ծախսում»։ «Խախտվել է նաև գնումներ կատարելու ընթացակարգը, կենտրոնում գնումներ կատարող մարմին չի ստեղծվել, բացի այդ, այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են բենզին, ավտոգազ, տպագրական ներկերի և սարքերի ձեռբերման դեպքում որևէ փաստաթղթային հիմնավորվածություն կամ մասնագիտական տեխնիկական եզրակացություն չի արձանագրվել»,- ասաց կոմիտեի նախագահը։

Հարությունյանը հաղորդեց, որ ԲԿՄՀՈՒԿ-ն առհասարակ կոմիտե չի ներկայացրել 2011թ. առաջին եռամսյակի որևէ ֆինանսական հաշվետվություն, որն իրենց միջև կնքված պայմանագրի խախտում է։

Բյուրականի աստղադիտարանին, ըստ բանախոսի, տրամադրվել է ֆինանսավորում գործուղումների նպատակով, որի մի մասը չի իրացվել, և պիտի արձանագրվեր որպես դեբիտորական պարտք, սակայն դա ևս չի եղել։

«Այս բոլոր բացթողումների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել հիմնարկներին, որոնք այս բոլոր բացթողումները պետք է շտկեն 2-3 ամիսների ընթացքում և ներկայացնեն համապատասխան հաշվետվություն»,- նշեց նա։

Ֆինանսական խախտումների մասով պատասխանատվության ենթարկելու մասին հարցին ի պատասխան Հարությունյանն ասաց. «Դե էդ բացթողումներն էնպիսին են, որ ուղղման ենթակա են, սարսափելի բաներ չեն… բայց դե պետական միջոցներից տրամադրված գումարները պիտի ծախսվեն նպատակային»։

Գիտական կազմակերպությունների ֆինանսական ոլորտներում խախտումներ են հայտնաբերվել