Փտող գիտական կենդանիներին պահպանելու համար պատրաստակամ են հատկացումներ անել գիտության սուղ բյուջեից
Հայաստանի գիտության բյուջեն՝ դրամաշնորհային ծրագրերը ներառյալ, կազմում է մոտ 40 մլն դոլար, այսինքն խորհրդային շրջանի ֆինանսավորումից ավելի քան տասն անգամ պակաս։ Այս մասին այսօր հայտնեց Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ «Հայաստանն էդ տեսանկյունից օրիգինալ չի,- ասաց նա,- էդ վիճակն է և´ Ռուսաստանում, և Ուկրաինայում, և մնացած բոլոր երկրներում»։
Սակայն, ըստ բանախոսի, վերջին 3-4 տարիներին գիտական ոլորտում բավական աշխուժություն է նկատվում։ «Նախ, էապես շատացել են միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, մինչև 2008թ. գիտության ոլորտում ոչ մի միջազգային պայմանագիր մենք չենք ունեցել, այսօր կնքված է ավելի քան 15 պայմանագիր, որոնցից 12-ը՝ միջազգային։ Իսկ գիտությունը բաց համակարգ է, և դրա զարգացման համար միջազգային համագործակցությունը ուղղակի անհրաժեշտ է»,- ասաց Հարությունյանը։
Ըստ Գիտպետկոմի նախագահի՝ այսօր արդեն ի վիճակի են ֆինանսավորել միջազգային գիտաժողովներ, անցկացվում են ամառային դպրոցներ, հատուկ երիտասարդների համար մրցույթներ և այլն։
Պատասխանելով այն հարցին, որ ի՞նչ է արվում ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի թանգարանում փտող կենդանիներին պահպանելու համար, նա պատասխանեց. «Այդ թանգարանի ֆինանսավորումն իրականացնել այսօր մենք ի վիճակի չենք, քանի որ գիտության պետական կոմիտեն ֆինանսավորում է գիտական ծրագրեր։ Թանգարանի պահպանումը, ըստ երևույթին, կուլտուրայի նախարարության խնդիրն է, ես շատ ցավում եմ, իրոք, դա շատ արժեքավոր թանգարան է, և ես չգիտեմ, միգուցե դրա մասին արժե շատ լուրջ մտածել։ Համենայն դեպս, այդ ուղղությամբ կոմիտեն որոշակի քայլեր կցուցաբերի շատ շուտով։ Ես չգիտեմ՝ ինչպես կարելի է կոմիտեի միջոցները ծախսել այդ թանգարանի պահպանման համար»։










