Apple-ը էժանացնում է iPhone-ը

15:44 • 25.08.11

Apple-ի ասիական մատակարարները սկսել են iPhone 4-ի էժան տարբերակի հավաքումը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, 8 GB հիշողությամբ iPhone 4-ը կներկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Նման քայլն առաջինը չէ ընկերության պատմության մեջ` ավելի վաղ թողարկվել էր iPhone 3GS-ի 8 ԳԲ հիշողություն ունեցող տարբերակը:

Մասնագետները նշում են, որ ավելի մատչելի iPhone 4-ը 8 ԳԲ հիշողությամբ կօգնի Apple-ին ավելացնել վաճառքները զարգացող շուկաներում: Բացի այդ, ընկերությունը պլանավորում է նաև բարելավվել վաճառքը Չինաստանում, օրինակ աճող պահանջարկը Ասիա-Խաղաղօվկիանոսյան շրջանում ընկերությանը թույլ տվեց եռամսյակի շահույթը հասցնել մինչև 6.3 միլիարդ դոլարի: Այս արդյունքն արտացոլվեց նաև ամբողջ աշխարհում իրականացրած վաճառքներից ստացված շայույթի վրա` հասցնելով այն 28.6 միլիարդ դոլարի:

Պարզեցված iPhone 4-ի հետ մեկտեղ, Սթիվ Ջոբսի ընկերությունը կթողարկի սմարթֆոնների նոր սերունդը ներկայացնող iPhone 5-ը: 4-րդ սերնդի մոդելից նոր հեռախոսը տարբերելու համար այն անվանում են նաև iPhone 4S, սակայն նոր սերնդի iPhone-ը կունենա ավելի խոշոր սենսորային էկրան և ավելի որակյալ` 8 ՄՊ տեսախցիկ:

Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, iPhone արտադրող երկու ընկերություններ արդեն ստացել են պատվեր ավելի քան 45 մլն. սարք թողարկելու: iPhone 5-ը կթողարկվի Hon Hai և Pegatron թայվանական ընկերությունների գործարաններում:

PCnews.am

Apple-ը էժանացնում է iPhone-ը