Գիտնականները ֆիքսել են աստղի «մահվան» պահը
Ճապոնացի և ամերիկացի գիտնականների խմբին գիտության պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է ֆիքսել տիեզերական սև անցքի կողմից աստղի կլանման պահը։ Դա հնարավոր է եղել ռենտգենային ճառագայթման եզակի մի ցուցիչի շնորհիվ, որը տեղադրված է Միջազգային տիեզերակայանի վրա։ Այս մասին գրում է Nature պարբերականը։
Սարքի միջոցով դեռ մարտ ամսին ֆիքսվել է գամմա և ռենտգենային ճառագայթման հոսք երկրից մոտ 3,9 միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա գտնվող գալակտիկայում։ Ստացված տվյալների վերլուծության հիման վրա գիտնականները եզրակացության են եկել, որ այդ հոսքը աստղի «հոգեվարքի ցնցումներն» են, որին սև անցքը սկսել է կլանել։










