Ուսուցիչների աշխատավարձների չափը կախված կլինի նրանց որակավորումից
Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
«Բոլորս գիտենք, որ կրթության ոլորտի բարեփոխումներն անշրջելի են մեր կառավարության համար։ Դրանց շրջանակում մշակվեց Երևան քաղաքի հանրակրթության բարեփոխումների հայեցակարգ։ Վերջինիս շրջանակներում մշակվեցին ուսուցիչների, տնօրենների վերապատրաստումների կարգերը, որոնք հերթականությամբ ընդունվեցին»,– ներկայացրեց մայրաքաղաքի հանրակրթության ոլորտի պատասխանատուն։
Նա շատ կարևոր խնդիր համարեց ԿԳ նախարարության կողմից իրականացված տնօրենների վերապատրաստման գործընթացը՝ հավելելով, որ դրա արդյունքում ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքն ամրագրող հավաստագրեր են տրվել 154 տնօրենի։
«Այդ ընթացքում ձախողումներ ևս եղան. յոթ տնօրեն չկարողացան նման վկայագիր ստանալ՝ հիվանդության, հոգենաբանական որոշ խնդիրների պատճառով, բայց նրանք իրավունք ունեն մասնակցել աշնանը նախանշված՝ դպրոցի տնօրենների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին», – ասաց Գայանե Սողոմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ արդեն իսկ մշակվել է մրցույթի անցկացման կարգն ու ժամանակացույցը, որը ներառում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածը։
«Ուսուցչի վերապատրաստման կարգը նույնպես բարեփոխումների կարևոր խնդիր էր. սեպտեմբերից կմեկնարկի նաև ուսուցիչների որակավորման կարգը, ուսուցիչները կորակավորվեն, կունենան տարակարգեր և ըստ դրանց կունենան տարբեր աշխատավարձեր»,–ընդգծեց բանախոսը։
Նա տեղեկացրեց նաև, որ հանրակրթական դպրոցներին տրվող բոլոր դասագրքերն այսօր բաժանման ընթացքի մեջ են, մասնավորեցնելով, որ որոշակի խնդիրներ կան յոթերորդ դասարանի «Ռուսաց լեզու» և «Հանրահաշիվ» առարկանների դասագրքերի հետ՝ կապված տպագրության ժամկետների հետ։
«Ուզում եմ վստահեցնել, որ այդ դասագրքերը մինչև սեպտեմբերի 10-ը կհայտնվեն աշակերտների մոտ»,– հավաստեց վարչության պետը։










