Մանուկների աչքերով աշխարհը 7 անգամ ավելի մեծ է. հոգեբան

01:15 • 27.08.11

Երեխան ժամանակը, տարածությունը այլ կերպ է ընկալում: Օրինակ, 7 ամսական երեխան մեծահասակին 7 անգամ ավելի մեծ է ընկալում, քան իրականում է, tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան-հոգեթերապևտ Ռուբեն Պողոսյանը։ «Եվ նույնն էլ ժամանակն է. այն ևս մոտ 7 անգամ ավելի երկար է ընկալվում։ Ասենք, մայրիկը տանից բացակայում է 1 ժամ, իսկ իրեն թվում է, որ տանը չի եղել ամբողջ 7 ժամ»,- ասաց նա։

Ռուբեն Պողոսյանն անդրադարձավ նաև ժամանակակից մուլֆիլմերի հերոսների արտաքին կերպարներին և սցենարային լուծումներին։ Ըստ նրա՝ մանուկներն իրականությունն ընկալում են ոչ այնպես, ինչպես այն կա, այլ՝ ըստ իրենց երևակայության, և զարմանալի չէ, որ նրանց համար լիովին իրական են մտացածին մուլտհերոսները կամ ֆիգուրների անիրական ձևերը։ Հոգեբանի կարծիքով՝ ֆիգուրների ձևերի ընտրությունն առավել ճիշտ է ամերիկյան մուլտերում, քանի որ այնտեղ դրանք առավել մոտ են իրականության մեջ առկա էակների կերպարներին։ Իսկ խորհրդային մուլտերում դրանք լիովին անհամապատասխան էին իրականությանը։

Սցենարային լուծումներն, ըստ հոգեբանի, անհամեմատ լավն են խորհրդային և հայկական մուլտերում։ «Մանկան համար նախատեսված մուլտի մեջ արյուն չպետք է լինի, նման բաներն ուղղակի պետք է բացառվեն։ Իսկ ամերիկյան մուլտերում, ցավոք, դա շատ է, դա գրեթե ամենուր է»,- ասաց նա։ Պողոսյանը հիշեց, որ Հռոմի Հովհաննես-Պողոս պապն ասել էր. «Խորհրդային մուլտերն աշխարհի ամենաբարի ստեղծագործություններն են»։ Ըստ նրա՝ բարի և առավել խորիմաստ են հայկական շարժանկարները, որոնք երեխային հանգիստ կարելի է թույլատրել դիտել. դրանցից նա ոչ մի վատ բան չի սովորի։

 

Մանուկների աչքերով աշխարհը 7 անգամ ավելի մեծ է. հոգեբան