Մարդիկ առաջացել են մկներից. գիտնականներ

17:48 • 27.08.11

Մարդու նախնիների թվում եղել են նաև կրծողներ, որոնք երկրագնդի վրա 160 միլիոն տարի առաջ են բնակվել: Դրանցից են առաջացել բոլոր կենդանածին կաթնասունները:

Juramaia Sinensis անունը ստացած և ժամանակակից մկներին նման կենդանիները ապրել են յուրյան ժամանակաշրջանում, երբ երկրի վրա իշխում էին դինոզավրերը: Դրանք տարածված էին այժմյան Չինաստանի հյուսիս - արևելքում: Վերջերս Juramaia Sinensis -ի քարացած բրածոներ էին գտել Չինաստանի Լյաոնին նահանգում:

Պալեոնտոլոգների կարծիքով՝ այս կրծողները առաջացել են Metatherians խմբից, որոնցից ծագել են կենգուրուները, հաղորդում է Утро-ն:

Ուսումնասիրելով բրածոի ատամների և դիմացի թաթի կառուցբածքը՝ գիտնականները եզրակացրել են, որ Juramaia Sinensis հանդիսացել է առաջին կենդանածին կաթնասունը: Փիթսբուրգի բնական պատմության թանգարանի պալեոնտոլոգ Չժի-Սի Լոի խոսքերով՝ «Juramaia-ները եղել են ներկայումս ապրող բոլոր կենդանածին կաթնասունների նախատատերը»:

Հին կրծողները ունեին կարճ բուրդ և կարողանում էին լավ մագլցել ծառերը, ինչով էլ բացատրվում է այն, թե ինչպես նրանք կարողացան վերապրել դինոզավրերի դարաշրջանը:

Juramaia Sinensis-ի բացահայտումը մի նոր փուլ հանդիսացավ կաթնասունների էվոլյուցիայի ընթացքում: Մինչ այդ համարվում էր, որ առաջին կենդանածին կաթնասունը եղել է հողփորիկը, որը ապրում էր 125 միլիոն տարի առաջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պալեոնտոլոգները պարզել էին, որ մարդու հնագույն նախնիների շարքում եղել է նաև բադակտուցը: Սա բացահայտվել էր կենդանու գենոմի գաղտնազերծման արդյունքում: Տեսակների էվոլյուցիոն ուղիները տարամիտվել են 170 միլիոն տարի առաջ:
 

Մարդիկ առաջացել են մկներից. գիտնականներ