«Ճարտարագիտության աշխարհը» «ԴիջիԹեք 2011»–ում կներկայացնի 30 ընկերություն
«ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացվի ավելի քան 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների կողմից, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:
Ինչպես հաղորդում են Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հանրային կապերի վարչությունից, «Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները: Ճարտարագիտական բիզնես և հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կներկայանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշվապահական և այլ կազմակերպություններ, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները նորաստեղծ ճարտարագիտական ընկերություններին:
Ներկայացվելու են ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդեն կայացած, այլև տասնյակ նորաստեղծ ընկերությունների կողմից, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering, Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions ընկերությունները: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպություններ:
«ԴիջիԹեք» ցուցահանդեսի ընթացքում այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերությունները, ինչպես նաև տոնավաճառին մասնակցող մյուս ընկերությունները, կսպասեն ինժեներական կրթություն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին և տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Արդյունքում տեղի կունենա գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ ռեալ հնարավորություն է աշխատանք ձեռք բերելու համար:
Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) 7-րդ ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 7-9-ը, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:










