Samsung-ը սեփական չաթ է թողարկելու
Բջջային շուկայում իր դիրքերն է ամրացնում աշխարհում արտահանման ծավալով երկրորդը հանդիսացող Samsung ընկերությունը` թողարկելով կարճ հաղորդագրությունների փոխանակման սեփական համակարգը: Այն կոչվում է ChatON և հասանելի կլինի 120 երկրներում՝ 62 լեզուներով:
ChatON-ից կկարողանան օգտվել բոլոր օգտագործողները, քանի որ այն կախում չի ունենա հեռախոսի ծրագրային պլատֆորմից: Համակարգը թույլ կտա փոխանակվել տեքստային հաղորդագրություններով, նկարներով, տեսագրություններով, կունենա խմբային շփման հնարավորություն: Այն կաշխատի ոչ միայն Samsung Bada և Android, այլև iOS, BlackBerry OS և այլ օպերացիոն համակարգերով՝ ներառյալ սովորական համակարգիչները, որոնք կարող են ChatON-ին միանալ ChatOn.com կայքից:
Newswires-ի փոխանցմամբ՝ ChatON-ը նախատեսվում է թողարկել 2011 թվականի սեպտեմբեր ամսին՝ աստիճանաբար ներառելով այն օգտագործող սարքերի նոր տիպեր՝ սկսած սովորական հեռախոսներից, վերջացրած պլանշետային և սեղանի համակարգիչներով:










