Մեր կրթական համակարգը չի հետևում երեխայի զարգացմանը. Սոցիոլոգ

02:33 • 31.08.11

Մեր կրթական ծրագրերը հին են, մինչև վերջ համակարգված չեն ու չունեն հիմնական նպատակ ու տեխնոլոգիա, որ չափի երեխայի զարգացումը, ուսուցչի աշխատանքը, դպրոցի մակարդակը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Ահարոն Ադիբեկյանը։

«Աշխարհում դա կա՝ Եվրոպայում, Ամերիկայում, անցնում են թեստավորում, որոշում են IQ-ն` զարգացումը, եթե դա մի բալով իջավ, բոլորի ականջները կքաշեն։ Իրենք գիտեն, որ փող են տալի, որ ամերիկացի էրեխու IQ-ն լինի աշխարհում ամենաբարձրը՝ 115 բալ, իսկ մեր մոտ դպրոցի միջինը գալիս ա 94-96: Մենք, այսինքն, բավականին՝ 20 բալով ցածր ենք։ Հիմա ինչքան ուզում ենք խոսենք կրթական համակարգի մասին. եթե հիմնական ցուցանիշով մենք չենք զարգանում, մնացածը լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասաց Ադիբեկյանը՝ կարևորելով, որ այդ տեխնոլոգիայի ներդրմամբ հնարավոր կլինի առաջին դասարանից հետևել երեխայի զարգացմանը, և նկատելով հետընթաց՝ գտնել խնդիրը և հաղթահարել այն։

«Առաջին դասարանը պետք է լինի 7-14 հոգի, ոչ ավելի. 7-ը օպտիմալ խումբն է, 14-ը՝ նորմալ, 21-ը՝ առավելագույն։ Բայց եթե դասարանում կա 21-ից ավելի երեխա, ոչ մի ուսուցչուհի չի կարող հասկանալ երեխաներից յուրաքանչյուրի անհատականությունը և տանել նրա զարգացումը»,- ասաց Ադիբեկյանը։ Ըստ նրա՝ եթե խումբը փոքր է, ուսուցչուհին կարող է և ծանոթանալ և վերահսկել դասընթացը ու ծնողների հետ համատեղ իրականացնել կրթադասատիարակչական աշխատանքը, ի վերջո՝ «էդ փոքր անհատին սարքել անձնավորություն»։

Ըստ Ադիբեկյանի՝ ճիշտ չաշխատելու պարագայում երեխան դպրոցական կյանքից կարող է հիասթափվել դպրոցական առաջին իսկ օրերին։ «Ես, օրինակ, առաջին դասարանում երրորդ օրվանից երկու ամիս չեմ գնացել դպրոց։ Գնացել եմ ընկերոջս տուն, սպասել եմ մինչև ինքը գար դպրոցից, պատմեր ինչ են արել, դասերս անում էի ու գնում տուն»,- պատմեց նա։
 

Մեր կրթական համակարգը չի հետևում երեխայի զարգացմանը. Սոցիոլոգ