Քաղցկեղը կբուժվի վիրուսների ներարկմամբ

22:27 • 01.09.11

Հայտնաբերվել է քաղցկեղը բուժող վիրուս. այն, հայտնվելով մարդու արյան մեջ, կարող է ոչնչացնել ուռուցքային բջիջները: Բժիշկները կարծում են, որ այս նոր մեթոդը շեշտակի կմեծացնի ուռուցքի դեմ պայքարի արդյունավետությունը:

Քաղցկեղով հիվանդ 23 կամավորների մասնակցությամբ անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ վիրուսը ունակ է խոցել միայն ուռուցքը` չվնասելով առողջ հյուսվածքները:

Մասնագետ ուռուցքաբանները խոստումնալից են համարում այս փորձարկման արդյունքները, չնայած արդյունավետ վիրուսային թերապիայի ստեղծման աշխատանքները դեռ սաղմնային վիճակում են:

Վիրուսներով ուռուցքը վերացնելը նոր գաղափար չէ, սակայն նախկինում փորձում էին վիրուսը անմիջապես ներարկել ուռուցքի մեջ, որպեսզի իմունային համակարգը նախնական փուլում չկլանի այն:

Ինչպես ներկայացնում է Nature ամսագիրը, փորձարկման ընթացքում գիտնականներն օգտագործել են նախկինում կիրառվող ջրծավիկի պատվաստանյութի մուտացիայի ենթարկված վիրուսը: Այն ստացել է JX-594 անվանումը և ներարկվել տարբեր օրգանների ախտահարմամբ կամավորների ներերակման տարբերակով:

8 անձանցից, որոնց ներարկվել է վիրուսը, 7-ի մոտ վիրուսն արագ տարածվելով ախտահարված հյուսվածքներում, չի խոցել առողջ հյուսվածքները:

6 հիվանդի մոտ ինֆեկցիան կասեցրել է ուռուցքի հետագա ընթացքը:

Նախնական փորձարկման նպատակն է պարզել վիրուսի՝ առողջության համար անվտանգ լինելը։ Այն ներարկվել է միան մեկ չափաբաժին, այ պատճառով էլ հիվանդները չեն ապաքինվել:

Լոնդոնյան «Բարտս» բժշկական համալսարանի ուռուցքաբանության ինսիտուտի ղեկավար պրոֆեսոր Նիկ Լեյմոյնը «Բի-Բի-Սի»–ին ասել է, որ «առավել հուսադրող է այն փաստը, որ վիրուսը զարգանում է միմիայն ախտահարված օրգաններում, և հատկապես լիահույս ենք, քանի որ արդյունք կա նույնիսկ քաղցկեղի մեզոտելիոմայի հարցում, որն առավել դժվարությամբ է բուժվում»:
 

Քաղցկեղը կբուժվի վիրուսների ներարկմամբ