Apple-ի աշխատակիցը iPhone 5-ի նախատիպը մոռացել է բարում
Apple ընկերությունը փնտրում է iPhone 5-ի նախատիպը, որը այն մշակողներից մեկը թողել է Սան Ֆրանցիսկոյի բարերից մեկում։
Ինչպես հաղորդում է CNET News պարբերականը, դեպքը տեղի է ունեցել հուլիսի վերջին Cava 22 լաունջ սրճարանում։ Հեռախոսը կորցնելուց մի քանի օր հետո Apple-ի անվտանգության ծառայությունը կարողացել է պարզել հեռախոսի գտնվելու վայրը. հետքերն ընկերության աշխատակիցներին բերել են բարի մոտ ապրող մի երիտասարդի տուն։
Ոստիկանության և Apple-ի ներկայացուցիչների հետ զրույցից հետո տանտերը խոստովանել է, որ iPhone-ի անհետացման օրը ինքը եղել է Cava 22 բարում, սակայն ոչինչ չգիտի կորած հեռախոսի մասին։ Նրա թույլտվությամբ ոստիկանությունը խուզարկել է տունը,սակայն ոչինչ չի գտել։ Հեռանալուց առաջ կորպորացիայի աշխատակիցները երիտասարդին գումար են առաջարկել հեռախոսի դիմաց և խոստացել դատարան չդիմել, սակայն նա դարձյալ ոչինչ չի հայտնել։
CNET-ի լրագրողներդը դիմել են Apple-ին, սակայն վերջինը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ։ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունում պարբերականին հայտնել են, որ ընկերության ներկայացուցիչները պաշտոնական հետաքննություն չեն նախաձեռնել։ CNET-ի ենթադրությամբ՝ հեռախոսը պարզապես վաճառել են Հյուսիսային Ամերիկայում հայտնի Craigslist անվճար հայտարարությունների կայքի միջոցով։
Apple ընկերությունն առայժմ չի հայտարարել հաջորդ սերնդի iPhone-ի թողարկման ծրագրերի մասին, սակայն 2011թ. ապրիլին Engadget տեխնոբլոգի խմբագիր Ջոշուա Տոպոլսկին նկարագրեց հեռախոսի արտաքին տեսքը՝ հենվելով դրա նախատիպերի մասին գաղտնի տեղեկության վրա, և խոստացավ, որ, ամենայն հավանականությամբ, iPhone 5-ը կներկայացվի 2011թ. աշնանը։










