Արհեստական առաջին նրբերշիկը կարժենա 300 000 դոլար

21:46 • 01.09.11

Արհեստական մսից առաջին նրբերշիկը կարժենա 300 000 դոլար: Ուտելու համար պիտանի առաջին արհեստական նրբերշիկները կհայտնվեն արդեն 2012-ի գարնանը: Նման հայտարարությամբ են հանդես եկել Հոլանդական Մաաստրիխտի համալսարանի գիտնականները: Նշյալ համալսարանի պրոֆեսոր Մարկ Պոստn ասել է, որ «ողջ աշխարհը շուտով կտեսնի սրվակում աճեցված միսը: Իհարկե նման նրբերշիկի գինը աստղաբաշխական կլինի՝ մոտ 300 000 դոլար»:

Միսը ստացվում է խոզի ցողունային բջիջներից և ձիու էմբրիոնի շիճուկից: Այժմ գիտնականները կարողանում են խթանել այդ բջիջների արագ անջատումը և դրանցից ստանալ մկանային հյուսվածքներ: BBC-ի հաղորդմամբ՝ արդեն հնարավոր է դարձել 2.5 սմ երկարությամբ մկանային հյուսվածք ստանալ:

Սակայն նման միսը չունի սովորականին բնորոշ գույն, քանի որ այն ստացվում է առանց արյան: Եթե արդեն կես տարուց պատրաստ լինի առաջին նրբերշիկը, ապա մեկ տարուց գիտնականները հանրությանը կներկայացնեն մեծ համբուրգերի միս:

Նման սննդի ջատագովները պնդում են, որ այսպիսի հետազոտությունները կարող են օգնել մարդկությանը, երբ բնակչության թվի աճի և պաշարների պակասի պատճառով բնական սննդի պակաս լինի, սակայն նման միսը դեռ պետք է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլտվությունը ստանա, որը կհավաստի դրա պիտանելիությունը մարդու սննդակարգում:

Արհեստական առաջին նրբերշիկը կարժենա 300 000 դոլար