Ամերիկյան կործանիչ հրթիռի փորձարկումը Խաղաղ Օվկիանոսում անհաջող է անցել
ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծովային տեղակայման համակարգի հերթական փորձարկումը‚ որը սեպտեմբերի 2-ին անցկացվեց Խաղաղ Օվկիանոսում‚ անհաջողությամբ ավարտվեց:
Ինչպես խոստովանել է պենտագոնի հակահրթիռային պաշտպանության գործակալությունը՝ «Ստանդարտ-3 Բլոկ-1Բի» կատարելագործված կործանիչ հրթիռը չի կարողացել խոցել թիրախը:
«Ստանդարտ- 3»-ները կործանում են հրթիռները կամ դրանց մարտագլխիկները անմիջական խոցմամբ՝ հարվածի արդյունքում կինետիկ էներգիայի հաշվին:
Նմանատիպ հրթիռների ցամաքային տեղակայման տարբերակը Բարակ Օբամայի աշխատակազմը նախատեսում է տեղակայել 2015 թվականին Ռումինիայում և 2018 թվականին՝ Լեհաստանում:
Հակահրթիռային վահանի ստեղծման վրա միչ այժմ արդեն ծախսվել է ավելի քան 150 միլիարդ դոլար և 2012 թվականի ծախսերի համար Բարակ Օբաման կոնգրեսից խնդրել է ևս 10 միլիարդ ԱՄՆ դոլար:
Հաղորդում է ИТАР-ТАСС-ը










