Իսրայելում ստեղծվել է դիպուկահարներին հայտնաբերող էլեկտրոնային համակարգ
Իսրայելի «Ռաֆայել» պաշտպանական ընկերությունը մշակել է մի համակարգ ‚ որը հայտնաբերում է թշնամու դիպուկահարներին` հայտնում է Israel Defense պարբերականը:
Spotlite-P-ն օպտիկական համակարգ է‚ որն ուսումնասիրում է‚ թե ինչ է կատարվում ռազմի դաշտում և գտնում է առավել արդյունավետ միջոցը՝ կրակի աղբյուրը չեզոքացնելու համար:
Հակառակորդի դիպուկահարների տեղը որոշելով՝ հատուկ սարքը տեղեկություններն ուղարկում է միաժամանակ «իր» մի քանի դիպուկահարներին: Այն նաև կարողանում է որոշել‚ թե որի դիրքն է առավել արդյունավետ թիրախը ոչնչացնելու համար:
Համակարգը բաղկացած է էլեկտրաօպտիկական EOU (electro-optic unit)‚ ինֆրակարմիր տեսախցիկից FLIR (Forward Looking Infrared)‚ ֆոտոխցիկից (Charge-Coupled Device), տարածաչափական լազերային համակարգից‚ ինչպես նաև GPS, PTU (Pan and Tilt Unit) համակարգերից: Տվյալների համակարգման համար միացված է կոմպակտ համակարգիչ:
«Ռաֆայել»-ը նշում է, որ համակարգը ունակ է կրակոցի աղբյուրը հայտնաբերել 1000 մետրից ավելի հեռավորության վրա: Համակարգի սպասարկման համար բավարար է 1 զինվոր: Սարքը ընդունակ է կենտրոնանալ հատկացված տիրույթում‚ անտեսելով կրակը‚ որը դուրս է սահմանված գոտուց:











