Մարդկությունը ինտերնետ կմտնի աննախադեպ թվով սմարթֆոններով
Մարդկությանը պատմական իրադարձություն է սպասվում։ iSupply հետազոտական ընկերությունը պնդում է, որ շատ մոտ ապագայում մարդկությունը միավորված կլինի գլոբալ համակարգչային ցանցում` սմարթֆոնների միջոցով։
Վերլուծաբանների հաշվարկներով` 2015–ին տարեկան կվաճառվի մոտ 1 միլիարդ սմարթֆոն և դրանց ծավալը «խելացի» շարժական սարքերի շուկայում կկազմի 54%։ Սմարթֆոնները լինելով «շատ փոքր անձնական համակարգիչներ» հնարավորություն են տալիս անընդհատ օնլայն լինել։ Այս շուկայի շատ բուռն զարգացման շնորհիվ աշխարհի գրեթե ամբողջ բնակչությունը շատ մոտ ապագայում կարող է հայտնվել վիրտուալ ցանցում։ Սմարթֆոնները շատ պահանջված կլինեն տարբեր հասարակությունների ոչ այնքան ապահով խավերում, ինչը թույլ կտա բարձրացնել այդ խավերի ինտելեկտուալ մակարդակն ու ապահովել մատչումը ինտերնետին։ Այս սարքերի հիմնական գնորդները կլինեն ասիական և աֆրիկյան երկրները։
Նշվում է նաև այն հանգամանքը, որ 5 տարի անց բջջային ծառայություններն այնքան զարգացած կլինեն, որ հնարավոր կլինի ապահովել սմարթֆոնների բոլոր տերերի մուտքը ինտերնետ։ Արդեն այսօր զարգացող երկրներում միլիոնավոր մարդիկ սմարթֆոնների կարիք ունեն։
Սակայն այս ոլորտի նման զարգացումը լուրջ վտանգ է պարունակում իր մեջ։ Բանն այն է, որ կտրուկ կմեծանա հաքերների գործունեության դաշտը, որոնց գործողությունների հիմնական թիրախը կլինեն միջին գների սմարթֆոններն ու օնլայն օգտատերերն ընդհանրապես։ Մասնագետները նշում են, որ որքան բարդ է սարքը, այնքան ավելի հեշտ է դրանում թերություններ գտնել և հարձակման ենթարկել։










