Գիտնականները 40 տարի ուսումնասիրել են մարդու կամքը
Քորնուոլի համալսարանի գիտնականներն ավարտել են 40 տարի տևած հետազոտությունը, որը վերաբերում է մարդու կամքին, գրում է Time ամսագիրը։
1960–ականներին գիտնականները «չափել են» 4 տարեկան մի քանի հարյուր երեխայի կամքը։ Նրանց ուղարկում էին մի սենյակ, որտեղ դրված էր զեֆիր և այլ համեղ քաղցրավենիքներ։ Փոքրիկներին ասվում էր, որ նրանք կարող են անմիջապես ուտել քաղքցրեղենը, սակայն 15 րոպե սպասելու դեպքում կստանան դրա կրկնակին։ Այն ժամանակ երեխաների զգալի մասը կամք է դրսևորել և սպասել 15 րոպե, սակայն ոմանք չեն դիմացել նույնիսկ մեկ րոպե։
Արդեն դպրոցական տարիքում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր հասակում կամքի ուժ դրսևորած երեխաները դպրոցում ավելի բարձր առաջադիմություն ունեն, ինչպես նաև ավելի քիչ խնդիրներ են ունեցել ալկոհոլի, թմրանյութերի կամ ավելորդ քաշի հետ։
Վերջերս հետազոտությունը շարունակվել է, սակայն միայն 60 մասնակիցների հետ, որոնց տարիքն արդեն գերազանցում է 40–ը։ Գիտնականներին հետաքրքրել է, թե արդյո՞ք, մանուկ հասակում կամք չդրսևորած անձինք ներկայում խնդիրներ ունեն ինքնատիրապետման հետ։
Նրանց մոնիթորի վրա մարդկանց պատկերներ են ցուցադրել միաժամանակ նրանք պետք է որոշակի առաջադրանք կատարեին։ Փորձի ընթացքում փորձարկվողների ուղեղի սկանավորում է կատարվել։ Պարզվել է, որ զարգացած կամքով անձանց մոտ գերակտիվ է ուղեղի ճակատային հատվածը, որը պատասպանատու է ազդակների վերահսկման ու վարքագծի կառավարման համար։ Իսկ թույլ կամքով մարդկանց մոտ ակտիվացել է ուղեղի՝ հաճույքի ու ցանկությունների համար պատասխատու հատվածը։
Գիտնականները շեշտում են, որ կամքի թույլ զարգացածությունը չի վկայում ինտելեկտի վատ զարգացածության մասին, իսկ հաճույքներից հրաժարվելը երբեմն կարող է «սխալ ընտրություն լինել»։
«Իրենց զգայական ազդակներին հետևող մարդիկ են դառնում մեծ ճանապարհորդներ ու գործարարներ», – գրում է հոդվածագիրը։
Այնուամենայնիվ, կամքի թուլությունը կամ բացակայությունը լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։ Փորձարկվողներից մեկն անկեղծացել է, որ հասկանում է, որ անհրաժեշտ է գումար կուտակել ծերության համար, սակայն «երբ գեղեցիկ մոտոցիկլ է տեսնում, չի կարող չգնել այն»։










