Նոր հայտնագործություն մարդու զարգացման ոլորտից

00:28 • 09.09.11

BBC-ի հաղորդմամբ` Science ամսագրում տպագրվել է մի հոդված, որում խոսվում է մարդու էվոլյուցիայի մասին և առաջ է քաշվում այն տեսակետը, որ մարդիկ Երկրի վրա հայտնվել են շատ ավելի վաղ, քան ենթադրվում էր մինչ այժմ, և միանգամայն այլ վայրում:

Հոդվածի հեղինակները 2008թ. Աֆրիկայի հարավում հայտնաբերված երկու շիմպանզեանման արարածների կմախքների ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջիններս 2 միլիոն տարեկան են։ Նրանք ունեցել են ուղիղ քայլքին հարմարեցված այնպիսի վերջույթներ և ճկուն մատեր‚ որոնք շատ նման են մարդկանց ձեռքերին և ոտքերին:

Այս հայտնագործությունը թույլ է տվել գիտնականներին եզրակացնել, որ մարդանման արարածները հայտնվել են ավելի վաղ շրջանում և բոլորովին այլ վայրում: Մինչև այժմ ընդունված էր համարել, որ ժամանակակից մարդու ամենահեռավոր նախնին ի հայտ է եկել 1.75 միլիոն տարի առաջ` Տանզանիայում:

Ինչպես նշում է BBC-ի թղթակիցը՝ նոր բացահայտումները ցույց են տալիս‚ որ մարդկային էվոլուցիան ընթացել է ոչ թե մեկ գծով, այլ զանազան ճուղավորումներով:

Նոր հայտնագործություն մարդու զարգացման ոլորտից